Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 9

:
Armenian - 2018
1 Եվ երբ Սողոմոնը շինեց ու վերջացրեց Տիրոջ տունը և թագավորի պալատը և այն ամենը, ինչ փափագում էր անել Սողոմոնը,
2 այն ժամանակ Տերը երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես նրան երևացել էր Գաբավոնում,
3 և Տերն ասաց նրան. «Լսեցի իմ առաջ քո արած աղոթքն ու աղաչանքը, սրբեցի այս տունը, որ դու շինեցիր իմ անունը հավիտյան այնտեղ դնելու համար, և իմ աչքն ու իմ սիրտը պիտի այնտեղ լինեն ամեն ժամանակ։
4 Արդ, եթե կատարյալ սրտով և ուղղամտությամբ գնաս իմ առջևից, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և կատարես իմ բոլոր պատվիրածները քեզ և պահես իմ կանոններն ու իրավունքները,
5 այն ժամանակ հավիտյան կհաստատեմ քո թագավորության աթոռն Իսրայելի վրա, ինչպես ասել եմ քո հայր Դավթին, թե՝ “Քեզ համար մարդ չի պակասի Իսրայելի աթոռի վրա”։
6 Եթե դուք կամ ձեր որդիները շեղվեք ինձ հետևելուց և չպահեք իմ պատվիրաններն ու կանոնները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք ու ծառայեք ուրիշ աստվածների և երկրպագություն անեք նրանց,
7 այն ժամանակ ես բնաջինջ կանեմ Իսրայելն այս երկրի երեսից, որ տվել եմ նրանց, և այս տունը, որ սրբեցի իմ անվան համար, կգցեմ իմ երեսից, և Իսրայելը բոլոր ազգերի մեջ ծաղր ու ծանակ կլինի։
8 Եվ այս բարձրադիր տան մոտով անցնող ամեն մարդ պիտի զարմանա ու սուլի և պիտի ասի. “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”։
9 Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք թողեցին իրենց Տեր Աստծուն, որն իրենց հայրերին հանել էր Եգիպտոսի երկրից, և ուրիշ աստվածների հարեցին և երկրպագեցին ու ծառայեցին նրանց, դրա համար էլ Տերը նրանց վրա թափեց այս բոլոր չարիքները”»։
10 Եվ երբ Սողոմոն թագավորը քսան տարվա ընթացքում շինել էր այն երկու տները, այսինքն՝ Տիրոջ տունը և թագավորի պալատը,
11 և Տյուրոսի Քիրամ թագավորը Սողոմոնին ընծայել էր եղևնափայտ, մայրու փայտ ու ոսկի և այն ամենը, ինչ փափագել էր նա, այն ժամանակ Սողոմոն թագավորը դրանց փոխարեն Քիրամին քսան քաղաք տվեց Գալիլեայի երկրում։
12 Եվ Քիրամը ելավ Տյուրոսից Սողոմոնի իրեն տված քաղաքները տեսնելու, բայց դրանք հաճելի չերևացին իր աչքին։
13 Եվ նա ասաց. «Այս ի՜նչ քաղաքներ են, որ տվել ես ինձ, եղբա՛յր իմ», և նրանց անունը դրեց Քաբող երկիր, ինչպես կոչվում են մինչև այսօր։
14 Եվ Քիրամը թագավորի համար հարյուր քսան տաղանդ ոսկի ուղարկեց։
15 Այս էր Սողոմոն թագավորի դրած հարկի պատճառը, որ շիներ Տիրոջ տունը և իր պալատը, Մելոնն ու Երուսաղեմի պարիսպը, Հասորը, Մակեդդովը և Գազերը։
16 Եգիպտոսի փարավոն թագավորը գնացել ու վերցրել էր Գազերը, կրակով այրել այն և սպանել այդ քաղաքում բնակվող քանանացիներին և այն իբրև օժիտ տվել իր աղջկան, որը Սողոմոնի կինն էր։
17 Եվ Սողոմոնը շինեց Գազերը և ներքին Բեթորոնը,
18 նաև Բաաղեթը և Թադմորը Հուդայի անապատի մեջ,
19 Սողոմոնի բոլոր շտեմարան քաղաքները, կառքերի քաղաքները, ձիավորների քաղաքները և այն բոլոր կառույցները, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղեմում, Լիբանանում և իր թագավորության ամբողջ երկրում։
20 Եվ այն բոլոր ժողովուրդներին, որ մնացել էին ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից, որոնք Իսրայելի որդիներից չէին,
21 այսինքն՝ նրանց որդիներին, որ իրենցից հետո մնացել էին երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կարողացել բնաջնջել, Սողոմոնը նրանց հարկատու ծառաներ դարձրեց մինչև այսօր։
22 Սակայն Սողոմոնը Իսրայելի որդիներին ստրուկ չդարձրեց, որովհետև նրանք պատերազմի մարդիկ էին. իր իշխաններն իր զորավարներն էին լինում և իր կառքերի ու ձիավորների վերակացուները։
23 Սրանք էին Սողոմոնի գործերի վրա եղած վերակացուների գլխավորները՝ հինգ հարյուր հիսուն մարդ, որոնք կառավարում էին աշխատանքները կատարող ժողովրդին։
24 Եվ փարավոնի աղջիկը ելավ Դավթի քաղաքից ու գնաց այն տունը, որ Սողոմոնը շինել էր նրա համար. ապա կառուցեց Մելոնը։
25 Եվ Սողոմոնը տարին երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում Տիրոջ համար շինած զոհասեղանի վրա և խունկ էր ծխում Տիրոջ առջև եղած սեղանի վրա. և տաճարը լավ վիճակի մեջ պահեց։
26 Եվ Սողոմոն թագավորը նավեր շինեց Եդովմի երկրում՝ Կարմիր ծովի եզերքին, Ելաթի երկրում գտնվող Գասիոն-Գաբերում։
27 Եվ Քիրամն իր ծառաներին, որ նավավարներ էին և հմուտ ծովայիններ, նավով ուղարկեց Սողոմոնի մարդկանց հետ։
28 Եվ նրանք գնացին Ոփիր, այնտեղից վերցրին չորս հարյուր քսան տաղանդ ոսկի և բերեցին Սողոմոն թագավորի մոտ։